ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Այն երկրները, որոնք հայտարարում են, թե Ռուսաստանի նկատմամբ կարմիր գծեր չունեն, պետք է հասկանան, որ այդ պարագայում Ռուսաստանն էլ նման գծեր չի ունենա իրենց հանդեպ: Ռոսիա 1- ի և ՌԻԱ Նովոստիի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադառնալով Եվրոպայի փոքր պետություններին՝ նա նշել է, որ Ռուսաստանում նրանց հարգանքով են վերաբերվում՝ անկախ ամեն ինչից։ Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ այն փոքր պետությունները, որոնք կոչ են անում խստացնել Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը և ծայրահեղ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ զորք մտցնել և այլն, այն պետություններն են, որոնք իրենց վրա չեն զգա այդ սադրիչ հայտարարությունների հետևանքները, և նրանք դա լավ են հասկանում:
«Իսկ նրանք, ովքեր կարող են զգալ այդ հետևանքները, իրենց շատ ավելի զուսպ են պահում։ Եվ ճիշտ են անում»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդը։
ՆԱՏՕ–ին Ֆինլանդիայի անդամակցության մասին
Պուտինը շեշտել է, որ Ֆինլանդիայի սահմանների մոտ ռուսական զորքեր և խոցման համակարգեր կհայտնվեն ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ֆինլանդիան նախկինում պարզապես կատարյալ հարաբերություններ են ունեցել. երկու երկրները միմյանց նկատմամբ ոչ մի հավակնություն չեն ունեցել, այդ թվում՝ տարածքային:
«Մենք զորք էլ չունեինք, ռուս-ֆիննական սահմանից զորքը դուրս էինք բերել։ Ինչո՞ւ նրանք դա արեցին: Սա բացարձակապես անիմաստ քայլ է սեփական ազգային շահերն ապահովելու տեսանկյունից։ Այնուամենայնիվ, դա իրենց որոշելիքն է։ Նրանք են այդպես որոշել»,- ասել Է Պուտինը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին հարցին։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը բավականին բարիդրացիական և կայուն հարաբերություններ է ունեցել այդ երկրների հետ։
«Եվ ես կարծում եմ, որ նրանք ավելի շատ շահում էին, երբ չեզոքություն էին պահպանում, քանի որ դա որոշակի առավելություններ էր տալիս թեկուզ որպես բանակցային հարթակ՝ նույն Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար»,- հավելել է ՌԴ նախագահը:
Աֆրիկյան երկրների և այնտեղից Ֆրանսիայի դուրսմղման մասին
Անդրադառնալով աֆրիկյան երկրներին՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն այդ աշխարհամաս քիթը չի մտցրել և այնտեղից դուրս չի մղել Ֆրանսիան, աֆրիկյան առաջնորդներն իրենք են ցանկացել աշխատել Մոսկվայի հետ, որպես անկախ պետություն ցանկանում են հարաբերություններ զարգացնել այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ:
«Մենք նրանց՝ այդ երկրների ֆրանսիացի նախկին գաղութարարներին ձեռք չենք տվել։ Ես դա ասում եմ առանց հեգնանքի, քանի որ շատ երկրներում, որտեղ Ֆրանսիան պատմականորեն մետրոպոլիա (մայր երկիր՝ իր գաղութներով) է եղել, նրա հետ իրականում չեն ցանկանում գործ ունենալ: Մենք սրա հետ կապ չունենք: Այսպես հավանաբար ավելի հարմար է՝ նեղանալ ինչ-որ մեկից՝ միաժամանակ չտեսնելով սեփական խնդիրները»,- ասել է Պուտինը։
Նա ենթադրում է, որ Ֆրանսիայի առաջնորդի սուր արձագանքը բավականին զգացմունքային է և կապված է նաև այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում աֆրիկյան որոշ պետություններում: Ըստ նրա՝ «կոկաինոտ քթով» մարդկանց հետ ավելի հեշտ է պայմանավորվել, քան խելացի, վտանգավոր մարդկանց հետ, որոնք ազդեցություն ունեն հասարակության վրա։