Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամի «օդի տուրք»

Հայաստանում «օդի տուրք» կիրառվում է միայն ելքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. 2023 թվականին Հայաստանում հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամի օդի տուրք։ Այս մասին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը վիճակագրական տվյալներ խնդրեց, թե նոր ուղղությունների համար «օդի տուրքի» ազատման մասին 3 տարի առաջ ընդունված օրենսդրական փոփոխությունից հետո ինչպե՞ս է աշխատել նոր կարգավորումը, ի՞նչ դինամիկա կա:
Սիմոնյանը նշեց, որ այսօր վիճակագրություն ներկայացնել չի կարող, դա կանի հաջորդ քննարկմանը, սակայն որոշակի տվյալներ ներկայացրեց նախորդ տարվանից։
«Օդի տուրքի մասով նախորդ տարի մոտ 17 մլրդ դրամի կարգի գումար է հավաքագրվել: Դա գանձվում է ՀՀ տարածքից ելք անող ֆիզիկական անձանցից՝ ավիաընկերությունների կողմից: Կան որոշակի արտոնություններ, օրինակ՝ տարանցիկ փոխադրման դեպքում քաղաքացիներից չի գանձվում տուրքը»,-ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց, որ նոր ուղղությունների համար «օդի տուրքը» չգանձելու արտոնությունը միանշանակ աշխատել է, և այդ ուղղություններով կա հստակ ուղևորահոսք:
Ինչ վերաբերում է այդ տուրքը գանձելուց հրաժարվելու Թունյանի առաջարկին՝ փոխնախարարը նշեց, որ տարբեր երկրներում այն տարբեր մեխանիզմներով կիրառվում է: Կոնկրետ Հայաստանում մուտքի համար «օդի տուրք» չի կիրառվում, կիրառվում է միայն ելքի համար: