Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել. փաստաբան

Վահե Եփրիկյանը
Մարտի 14–ին ժամը 11։00–ին դատարանում քննարկվելու է Գագիկ Սարգսյանի կալանավորման միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Այդ մասին գրել է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան։
«Ի հեճուկս ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեսանյութի, և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատասխանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գագիկ Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ–ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե «...ահաբեկչության դեպքերը բացահայտվել են» խստագույնս չափազանցված է»,– գրել է նա։
Նա նաև նշել է, որ վաղը` մարտի 14–ին, ժամը 11։00–ին դատարանում քննվելու է Գագիկ Սարգսյանի կալանավորման միջնորդությունը, և փաստաբանը հույս է հայտնել, որ այն կմերժվի։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ Գագիկ Սարգսյանը և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ կազմակերպել են 2024 թ. փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:
ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: