ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա ուսանողի սպանության մեջ կասկածվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սիսիանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին Մամիկոնյանց փողոցում գործող քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, դանակահարվել է ուսանող, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 5-րդ կետով։
«ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՔՈԳՎ), Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի և Սիսիանի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 13-ին` ժամը 12-ի սահմաններում, 21-ամյա երիտասարդը Սիսիան քաղաքում հայտնաբերվել և քննության ներկայացնելու նպատակով ձերբակալվել է»,– ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` սպանվածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն է եղել, անբարյացակամ հարաբերություններ են ձևավորվել։
Մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, բայց տղաները շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի։
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու և քննության ներկայացնելու ուղղությամբ: