ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևն ընդունվեց

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը` 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,– ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից համատեղ ներկայացված բանաձևում։
Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ Բանաձևը շեշտադրում է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լուծվի` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ևս մեկ անգամ վերահաստատում ԵՄ-ի միանշանակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։
«ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,–ասված է բանաձևում։
Բանաձևն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորությանը և լուրջ մտահոգություն հայտնում այդ ամենի ոչնչացման, վանդալիզմի ենթարկվելու և պղծվելու առնչությամբ։ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել մշակութային այդ հարստությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։
Բանաձևը Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անկեղծորեն ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի` ադրբեջանական կալանքի տակ գտնվող բոլոր բնակիչներին։ Ինչպես նաև կոչ է արվում անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։
Հիշեցնելով, որ Հայաստանը վերանայում է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը, բանաձևը կոչ է անում ԵՄ-ին դրական արձագանքել Հայաստանի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով իրեն աջակցություն ցուցաբերելու խնդրանքին։ Բանաձևում շեշտադրվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Բանաձևը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի, սահմանների սահմանազատման վրա՝ հիմնված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի համապատասխան քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին։
Բանաձևն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունների վերսկսմանը` նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր և կոչ է անում երկու կողմերին լիովին հավատարիմ մնալ հիմնախնդրի տևական և խաղաղ կարգավորմանը երկխոսության և բանակցությունների միջոցով հասնելուն։
Բանաձևում անդրադարձ կա նաև ԵՄ որոշ պաշտոնյաների և կառույցների հայտարարությունների տոնայնությանը, որոնք շնորհավորում էին նախագահ Ալիևին վերընտրվելու համար՝ չհիշատակելով Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունը, հատկապես, որ Ադրբեջանը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար։