ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտնեց վարչապետի իրենց հնարավոր թեկնածուի անունը։
Նշենք, որ ներկայում Ազատության հրապարակում ընթանում է շարժման հանրահավաքը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք շարժման ներսում, մասնավորապես Էդգար Ղազարյանի հետ տարաձայնություններ կան, ինչին ի պատասխան Սարգսյանը վստահեցրեց` նման բան չկա։ Նա պարզաբանեց, որ Էդգար Ղազարյանն առաջարկել է, որպեսզի հենց այսօր վարչապետի թեկնածուին ու կառավարության կազմը ներկայացնեն ։ «Միասին» նախաձեռնության մեծամասնությունը դեմ է արտահայտվել այդ առաջարկին, քվեարկության է դրվել հարցը, որը չի անցել։
«Մենք այսօր չենք կարող այդ մենաշնորհը վերցնել մեզ վրա և ասել, թե ամբողջը (կառավարությունը – խմբ.) մենք ենք ներկայացնում։ Կարևոր է քաղաքական ուժերի միասնությունը։ Մեր շարժման ներսում կարծում ենք, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը, նաև ասում ենք, որ իշխանության թևերը հավասարակշռված պետք է լինեն, լիազորությունների վերաբաշխում պետք է լինի»,– նշեց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ իրենք պատրաստվում են միայն միասնական քայլեր անել։