ԱԱԾ–ն բերման է ենթարկել դաշնակցական Գագիկ Սարգսյանին. որդին մանրամասներ է հայտնում

ԱԱԾ աշխատակից
Լրագրող Արամ Սարգսյանը վստահ է` պատճառը հոր ընդդիմադիր հայացքներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն և բերման ենթարկել նրան։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է որդին` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից, լրագրող Արամ Սարգսյանը։
Նա նշել է, որ տուն են մտել ու միանգամից բոլորին պառկեցրել գետնին, ամբողջ տունը խուզարկել են, ապա մի քանի ժամ տևած քննչական գործողություններից հետո հորը տարել են իրենց հետ։

«Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում էր։ Դուռը կոպիտ ձևով թակում էին, հայրս բացեց, ու մեզ անմիջապես գետնին պառկեցրին ու ձեռնաշղթաներ հագցրին ինձ ու հորս, բայց մորս`ոչ։ Զինված էին, ձեռքներին մեծ մուրճ կար, եթե չբացեինք դուռը, այն կկոտրեին։ Ես մի քանի անգամ բարկացած բղավեցի, ինձ նրանցից մեկը ոտքով հարվածեց, հետո հորս ուրիշ սենյակ տարան, այնտեղ հարցեր էին տալիս, բայց չէր լսվում, թե ինչ։ Առանց որևէ բացատրության` ամբողջ տունը խուզարկեցին, տակնուվրա արեցին, տարան իմ նոթբուքը և հին չօգտագործվող հեռախոսից հանեցին հիշողության քարտը, ու դա էլ տարան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Արամ Սարգսյանը։

Նա վստահեցրեց` ԱԱԾ–ի գործողությունները միանշանակ հոր ընդդիմադիր հայացքների և քաղաքական ակտիվության հետ են կապված։
Հիմա չգիտեն` հայրը որտեղ է, ինչ վիճակում։ Արամ Սարգսյանը փորձում է հասկանալ, թե ինչ քայլեր պետք է անել նման իրավիճակում։