«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրս գալու վերաբերյալ Մոսկվան որևէ դիմում չի ստացելդիվանագիտական խողովակներով, համապատասխան տեղեկացումն արվել է գերատեսչական մակարդակով»,-այսօր հրավիրված ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան Երևանի այս որոշմանը։
Զախարովան նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու որոշումը կկայացվի միջգերատեսչական մանրամասն աշխատանքի արդյունքում:
«Հազիվ թե նման նախաձեռնությունները բխում են Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից` հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ կերպով լուծել են ռուս և հայ սահմանապահները»,- ասել է Զախարովան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հայտնեց, որ ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ–ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր «Զվարթնոցում» ծառայություն իրականացնելու և անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցած ծառայության համար։
Ըստ Փաշինյանի` Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։