Փետրվարի սկզբին հրապարակվել է Ամերիկայի միացյալ նահանգների հատուկ ծառայությունների հետախուզական համայնքի` աշխարհում սպառնալիքների ամենամյա զեկույցը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն առաջիկայում հավանաբար կմնան լարված, թեև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացումը նվազեցրել է անկայունության հնարավորությունը»,- նշված է զեկույցում։
Ըստ ԱՄՆ-ի հետախուզության` ռազմական առճակատումը, հավանաբար, կլինի լոկալ, կարճատև ու սահմանափակ ինտենսիվությամբ Ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրել են, որ նոր հակամարտության ռիսկը մեծացնող գործոններն են՝ նպատակներին հասնելու համար ուժ և ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը, հրադադարի մեխանիզմի և խաղաղության պայմանագրի բացակայությունը։ Միջանցք ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը, նշված է փաստաթղթում։
Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով ամերիկյան հետախուզության տվյալները և այդ սպառնալիքներից Հայաստանի պաշտպանվելու հնարավորությունը, կարծիք է հայտնել, որ Արևմուտքը պատրաստ է աջակցել միայն այն երկրներին, որոնք պատրաստ են քայլեր անել ՌԴ-ի դեմ։