ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է Կիևին հեռահար հրթիռների մատակարարումից հրաժարվելը, ինչպես նաև հերքել է Մեծ Բրիտանիայի հետ հեռահար հրթիռների փոխանակման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը։
«Գերմանիան Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ չի մատակարարի։ Ո՛չ ուղիղ, ո՛չ անուղղակի: Բացարձակ ոչ»,- հայտարարել է նա։
Սպառազինության այս համակարգի վերաբերյալ Շոլցը հավելել է, որ հաշվի առնելով դրա ազդեցությունը և կիրառման վայրը, այն չի կարող օգտագործվել առանց վերահսկողության: Նրա խոսքով՝ գերմանացի զինվորների մասնակցությունը չի կարող արդարացված լինել նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս։
«Հենց այդ պատճառով էլ ես ասացի, որ չեմ կարծում, որ դրանց օգտագործումը արդարացված է, և որ հարցն այն չէ, թե ինչպես դա անել՝ անուղղակի, թե ուղիղ: Իմ պատասխանը պարզ է»,-ասել է կանցլերը։
Ավելի վաղ առաջարկ էր հնչել գերմանական Taurus հրթիռները Լոնդոնին փոխանցելու մասին, ինչը բրիտանացիներին թույլ կտար Ուկրաինա ուղարկել իրենց Storm Shadow հրթիռները։