ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանին զայրացրել է, որ քաղաքապետարանը երեխաների սպորտային զարգացման համար ավելի քիչ գումար է ծախսում, քան, օրինակ, քաղաքի ամանօրյա ձևավորման համար։
Նա հիշեցրեց, որ անցած տարի 252 մլն դրամ է ծախսվել երեխաների համար սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար, իսկ տոնական ձևավորման համար` 339 մլն դրամ։
«Միայն 72 մլն դրամը ձախսել եք 3 հատ ձվի լուսավորության վրա։ Ձվերի համար 72 մլն դրամ եք ծախսել, լո՞ւրջ, դուք ի՞նչ եք արել այստեղ։ Ո՞վ է մտածել` այդ ձվերը դնի, լուսավորի ու 72 մլն էլ դրա համար փող տա։ Դա երեխաների սպորտային մրցույթների ծախսերի 1/3 մասն է»,– ասաց Պեդրո Զարոկյանին։
Նա նաև հայտնեց, որ քաղաքապետարանը անգամ թափառող շների վրա է ավելի շատ գումար ծախսում, քան երեխաների։
«Ամեն մի շան համար քաղաքապետարանը տարեկան ծախսում է 105 հազար դրամ, որ էդքան ամեն երեխայի վրա ծախսեիք...»,-ասաց Զարոկյանը։
Ավագանու անդամը կարծում է, որ եթե բոլոր ծախսերն ավելի մտածված լինեն ու տեղին, ապա հնարավոր կլինի երեխաներին ավելի շատ ներգրավվել սպորտային միջոցառումներում ու կազմակերպել միջհամայնքային մրցույթներ։