ՌԴ-ն արգելել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիների մուտքը. ԱԳՆ

Ցանկը կարող է ընդլայնվել ցանկացած պահի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Մոսկվայի նկատմամբ մերձբալթյան երկրների թշնամական քաղաքականության, արգելել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացիների մուտքը երկիր, նրանց թվում կան նախարարներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ և լրագրողներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության հաղորդագրությանը։
«Վերջին ժամանակներս ռուսական «ստոպ-ցուցակում» ընդգրկվել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի 347 քաղաքացի, որոնց թվում կան նախարարներ, խորհրդարանների պատգամավորներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Տվյալ ցանկը կարող է ընդլայնվել ցանկացած պահի»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում պարզաբանել են, որ «Մերձբալթիկայի պետությունների թշնամական քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կողմից պատժամիջոցների ակտիվ լոբբինգը, Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը, ռուսախոս բնակչության նկատմամբ հետապնդումները, խորհրդային ազատամարտիկներին նվիրված հուշարձանների զանգվածային քանդման, պատմության վերաշարադրման, նացիզմի հերոսացման բարբարոսական արշավը, ինչպես նաև Մերձբալթյան երկրների կողմից Կիևի ռեժիմը սպառազինությամբ ապահովելու հանցավոր գիծը պատասխան միջոցառումներ են պահանջում այդ վայրագություններին մասնակից անձանց նկատմամբ»: