Նոյեմբերի 14–ին Դուբայում էի և չէի կարող զեկուցել սահմանի իրավիճակի մասին. Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը բացարձակ սուտ որակեց Փաշինյանի այն պնդումը, թե ինքը նշանակվել է ՌԴ ցուցումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ Այսօր հրապարակված տեսաուղերձում այդ մասին ասել է ինքը` Կարապետյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2021 թ. նոյեմբերի 14–ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել:

«Մենք ունեինք զենքի գնման և ներկրման խնդիր, հիմնականում ԱԹՍ–ների մասին է խոսքը, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել պարոն մեր ղեկավարին սահմանին տիրող իրավիճակի մասին»,– պատմեց նախկին նախարարը։

Ըստ նրա` սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղը` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։
Նա նաև բացարձակ սուտ որակեց Փաշինյանի այն պնդումը, թե ինքը նշանակվել է ՌԴ ցուցումով։
«Դա ինքը` Փաշինյանը, նույնպես հաստատեց, երբ ասաց, որ ինձ նշանակել է` հաշվի առնելով իմ կապերը ՌԴ-ի հետ։ Մենք մեծ աշխատանք ենք տարել ՌԴ-ի հետ, և երեք տարվա ընթացքում հայկական բանակը պետք է լիներ այնպիսին, որ այսօր երևի թե կորցրած չլինեինք ԼՂ–ն, ու մյուս ուղղություններով էլ ադրբեջանցիներ չէին լինի»,– ընդգծեց Կարապետյանը։
Նա պատմեց, որ նախարար լինելու ժամանակ` հոկտեմբերին, ՌԴ–ում հանդիպել է ադրբեջանական կողմի հետ և պայմանավորվել, որ ներխուժված ուղղություններով ադրբեջանցիները նահանջելու են։
«Ցնդաբանություն է». Արման Եղոյանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին
«Երկու շաբաթից կրկին պիտի հանդիպեինք և այդ հարցը վերջնական լուծեինք, բայց նոյեմբերի 15–ին պարոն Փաշինյանը որոշում կայացրեց ինձ պաշտոնից ազատել»,– ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը 1993-2018 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Եղել է գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ։ 2018֊2021 թվականներին եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Կարապետյանը պաշտպանության նախարար նշանակվեց 2021թ–ի օգոստոսի 2–ին, նույն թվականի նոյեմբերի 15–ին պաշտոնանկ արվեց։