ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել Երևանի օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային վերահսկողությունը:
«Գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ։ Եվ գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին ասել չեմ կարող։ Բնականաբար, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Նա ընդգծել էր, որ նամակով այդ մասին ՌԴ–ին տեղեկացրել են։