ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Առնվազն յոթ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ իսրայելական բանակը կրկին կրակ է բացել Գազայի հատվածի հյուսիսում հումանիտար օգնության առաքմանը սպասող պաղեստինցիների ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ իսրայելցի զինվորականները կրակ են բացել տասնյակ պաղեստինցիների ուղղությամբ, որոնք Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Դուվար Ալ Քուվեյթ» շրջանաձև հանգույցի մոտ սպասում էին մարդասիրական օգնության ներկրման հերթում:
Փետրվարի վերջին պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական բանակը հարված է հասցրել Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Ար Ռաշիդ փողոցին, որտեղ հարյուրավոր սոված պաղեստինցիներ հավաքվել էին մարդասիրական օգնություն ստանալու համար: Անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 112 մարդ զոհվել է, 760-ը՝ վիրավորվել իսրայելական գնդակոծության հետևանքով:
Բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ Իսրայելից պահանջել են մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այս միջադեպի վերաբերյալ: