ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի և Չեխիայի հետ ընկերական խաղերից առաջ հրապարակել է հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստների ցանկը, որտեղ բացակայում են հավաքականի փորձառու երեք ֆուտբոլիստների անունները։
Հայաստանի հավաքականի խաղերին հերթական անգամ չեն մասնակցի Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանը և Տիգրան Բարսեղյանը։
Երեք ֆուտբոլիստներն էլ ներկայում գտնվում են լավ մարզավիճակում ու խաղում են իրենց թիմերի մեկնարկային կազմերում։ Այդ դեպքում ինչո՞ւ է մարզիչը հրաժարվում նրանց ծառայություններից։
Խորեն Բայրամյանի և Ալեքսանդր Պետրակովի միջև «սև կատու» անցավ դեռևս 2023 թվականի հունիսին։ Ֆոտւբոլիստը մարզչին ասել էր, որ խնդիրներ ունի, բայց մի քանի օր անց խաղացել էր «Ռոստովի» կազմում։ Հետո էլ ասել էր, որ վնասվածք ունի, բայց չէր էլ սպասել հավաքականում բժշկական հետազոտություն անցնելու համար։ Պետրակովին Բայրամյանի նման պահվածքը, մեղմ ասած, դուր չէր եկել, այդ պատճառով էլ հավաքական այլևս չի հրավիրում։
Խորեն Բայրամյան
© Sputnik / Виталий Тимкив
Եվրո-2024-ի Հայաստան – Ուելս ընտրական խաղից առաջ Պետրակովը նաև խոսեց Տիգրան Բարսեղյանի մասին` նշելով որ նման փորձառու ֆուտբոլիստը պետք է շատ մոտիվացված լինի ու որպես օրինակ ծառայի մյուսների համար։ Իսկ Բարսեղյանը կարգապահական շատ լուրջ խաղտումներ է իրեն թույլ տվել, մարզիչն էլ հրաժարվում է նման ֆուտբոլիստից։
Տիգրան Բարսեղյան
© Sputnik / Asatur Yesayants
Ինչ վերաբերվում է Սարգիս Ադամյանին, ապա այս ֆուտբոլիստն այդպես էլ չկարողացավ հավաքականում ցույց տալ իր ամբողջ ներուժը։ Եղան փորձարկումներ խաղային տարբեր դիրքերում, բայց, ամենայն հավանականությամբ, նրա խաղը չգոհացրեց գլխավոր մարզչին։
Ալեքսանդր Պետրակովին հասկանալ կարելի է և պետք է։ Վերջապես մարզիչն է որոշում, թե որ խաղացողների հետ կարող է լուծել թիմի առջև դրված առաջադրանքը, նա է գլխավոր պատասխանատուն։
Պարզապես նկատենք, որ Սարգիս Ադամյանը շատ լավ մարզավիճակում է ու խաղում է «Քյոլնի» մեկնարկային կազմում, Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում վերելքով է խաղում ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Կրասնոդարի» հետ հաղթական խաղում, Տիգրան Բարսեղյանն էլ «Սլովանում» է գոլի հեղինակ դառնում և գոլային փոխանցումներ կատարում։ Միգուցե ելնելով հավաքականի շահերից, ինչ–որ տեղ կարելի՞ է ևս մեկ անգամ վերանայել մարզիչ–ֆուտբոլիստ հարաբերությունները։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2024 թվականին պաշտոնական խաղեր է անցկացնելու աշնանը, բայց մինչ այդ մեր ընտրանին ընկերական 4 հանդիպում ունի պաշտոնական մրցաշարերին նախապատրաստվելու համար։ Մարտի 22-ին մեր տղաները կխաղան Կոսովոյի, 26-ին` Չեխիայի հավաքականի հետ։