ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Երևանն ու Դելին կմիավորեն ջանքերը Հայաստանում աշխատանքային միգրացիայի գործընթացի կազմակերպմանը նպաստող մեխանիզմների ստեղծման համար: Այս մասին Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Այս որոշումը կայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի` Հնդկաստան կատարած այցի ընթացքում, որտեղ համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել հնդիկ գործընկերների հետ:
Նախաձեռնությունն ի հայտ է եկել Հայաստանում աշխատանք գտնել ցանկացող հնդիկ քաղաքացիների աճող հոսքի ֆոնին։
Քննարկման շրջանակում կողմերը քննարկում են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կնքումը:
Բացի այդ, նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության միջոցով ստեղծել մասնագիտացված հարթակ, որը մի կողմից հնդիկ բանվորներին կօգնի աշխատանք գտնել, մյուս կողմից՝ Հայաստանում նրանց թափուր աշխատատեղեր առաջարկել:
Միգրացիայի գործընթացի արդյունավետ կառավարման համար կողմերը մտադիր են համապատասխան նորմատիվ-իրավական բազա մշակել:
Ներքին գործերի նախարարության ներգաղթի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ գրանցվել է Հնդկաստանի քաղաքացիների Հայաստան մուտք գործելու 54 582 դեպք։ Հայաստանում նրանք զբաղված են հիմնականում ծառայությունների և շինարարության ոլորտում։ 2023 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 2035 քաղաքացի։