ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանը ռուսական կողմին պաշտոնապես տեղեկացրել է օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելի վաղ ասել էր, որ հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աջակցության համար և տեղեկացրել, որ կարող է իր ուժերով իրականացնել սահմանային վերահսկողությունը:
«Մենք ոչ թե դիմել ենք ՌԴ–ին, այլ տեղեկացրել որոշման մասին, ու ժամկետը կարծեմ թե նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը»,– ասաց ՀՀ վարչապետը։
Փաշինյանն ընդգծեց` Հայաստանն այդ քայլը դիտարկում է որպես աշխատանքային գործընթաց, ոչ թե աշխարհաքաղաքական կամ ուղղակի քաղաքական։
Հիշեցնենք` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 6-ին հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցում ՀՀ–ն հստակ դիրքորոշում ունի` այնտեղ ծառայություն պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Մոսկվան գերատեսչական նամակ է ստացել Երևանի օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու մասին։