ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում հրադադար հաստատել

Առաջիկա օրերին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ գործարքի մանրամասները քննարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու և տեղահանված անձանց աստիճանական վերադարձի վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին։
Ընդգծվել է, որ առաջիկա օրերին ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ գործարքի մանրամասները քննարկելու համար:
Աղբյուրը նաև հայտնել է, որ շարժումը միջազգային առաջարկ է ստացել Գազայում երկարատև հրադադարի մասին։ Այն ենթադրում է ազատ արձակել իսրայելական բանտերում գտնվող երեխաներին, կանանց և տարեցներին։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։