Հայաստանը, Մոլդովան և այլ երկրները վճարում են «ԵՄ հակառուսական օպտիկայի» համար. Պոլյանսկի

Ռուս դիվանագետը կարծում է, որ Եվրամիությունն իրականում շահագրգռված չէ հակամարտությունների կարգավորմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանը, Մոլդովան, Աֆրիկայի երկրները մարդկանց կյանքով են վճարում Եվրամիության կողմից սերմանվող հակառուսական քաղաքականության համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Ոչ միայն Ուկրաինան, այլև մյուս երկրները հարյուր հազարավոր կյանքեր են վճարում հակառուսական աշխարհաքաղաքական օպտիկայի համար, որը ԵՄ-ն կիրառում է ամենուր, ներառյալ Հայաստանը, Մոլդովան և նույնիսկ Աֆրիկան», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ամեն կերպ փորձում է իրեն դիրքավորել որպես խաղաղարար և միջնորդ նույնիսկ Ուկրաինայի պարագայում։ Բայց կան խիստ կասկածներ այն հարցում, թե արդյոք ԵՄ-ն ցանկանում է, որ հակամարտությունն այդ երկրում ավարտվի: