ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանը պատրաստվում է վերադակառուցել Խորհրդային Հայաստանի սահմանից դուրս եկող ճանապարհների հատվածը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվում է ՀՀ Տավուշի մարզից գյուղեր հանձնել։
Ավելի վաղ Փաշինյանն ասուլիսի ընթացքում շեշտեց` չի բացառվում, որ դելիմիտացիայի գործընթացը սկսվի Տավուշի մարզից։
«Անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է, որ Տավուշի մարզից որևէ բնակավայր կարող է հանձնվել։ Մենք չենք վերցնում քարտեզը (ցույց տվեց իր մոտ եղած ՀՀ քարտեզը – խմբ.) ու որևէ բան կտրում, այլ ճշգրիտ տեսնում ենք` Տավուշում կան ճանապարհներ, մասնավորապես Ոսկեպար գյուղի հատվածում, որ մի կտոր դե-յուրե հատում է ՀՀ տարածքի գիծը ու նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումների ժամանակ ֆոն կար, որ կարող է այնտեղ որտեղ ճանապարհ կա, պահենք այդ հատվածը, գնանք համարժեք չափով տանք, բայց եկել եմ այն եզրակացության, որ պետք չէ այդպես անել։ Դա լրացուցիչ անորոշություն է ստեղծում։ Փոքր մի քանի կտոր կա, պետք է գնալ, այդ ճանապարհները, որոնք դուրս են գալիս Հայաստանի խորհրդային հանրապետությունից, վերակառուցել»,– նշեց նա։
Ընդգծեց` արդեն իսկ հանձնարարականը տվել է ու առաջիկայում պատեհ առիթով կգնա ու այդ գյուղերի բնակիչներին կբացատրի, թե ինչ է մտածում ու ինչու։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ արձանագրված սահմանները հաստատվել են Ալմա–Աթայի հռչակագրում և Պրահայի համաձայնագրում։