«Ես դժգոհ եմ եղել նրա աշխատանքից». Փաշինյանը` Մարուքյանին պաշտոնից ազատելու մասին

Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետը մի դրվագ պատմեց Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի աշխատանքից ու այդ պատճառով է ազատել պաշտոնից։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ։
«Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, ապա պատճառը, որի համար Էդմոն Մարուքյանն ազատվել է պաշտոնից, այն է, որ ես դժգոհ եմ եղել նրա աշխատանքից։ Նա այդ մասին գիտի, ես էլ եմ այդ մասին նրան ասել։ Ու ասել եմ` կոնկրետ ինչից եմ դժգոհ ու ինչն է եղել պատճառը, որ ես նրան երկար ժամանակ որևէ հանձնարարական չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել իր հետ, այլ միջնորդավորված եմ աշխատել։ Ես նրան հաջողություն ու շնորհակալություն եմ հայտնել»,– նշեց ՀՀ վարչապետը։
Ըստ նրա` Մարուքյանը որպես պաշտոնից ազատվելու պատճառ կարող է ներկայացնել ցանկացած բան` 2022 թ. Պրահայի հանդիպումը, 2023 թ. որևէ այլ իրադարձություն, սակայն պատճառը մեկն է` նրա աշխատանքը բավարար չէր։
«Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ ես մի հայտարարություն եմ արել, որը նա խնդրահարույց է համարում, ես ասացի` բացառված է, որ ես նման հայտարարություն արած լինեմ։ Խնդրեցի, որ այդ հայտարարությունն ինձ վիդեոյով ուղարկի` հղումով, րոպեններով։ Հղումը չստացա, րոպեն չստացա, ստացա ինչ–որ մի տեքստ»,– պատմեց Փաշինյանը։
Նրան զարմացրեց լրագրողի հարցը, երբ նա թվարկում են այն պատճառները, որոնք Մարուքյանը ներկայացրել էր որպես պաշտոնից ազատման հիմք։
«Էդ բոլորը ի՞նքն ա ասել, բա էդ դեպքում ինչի՞ 2022–ի հոկտեմբերին հրաժարական չի տվել»,– հարցրեց ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք` Էդմոն Մարուքյանը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց փետրվարի 29–ին։ Մարտի 4–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նրան պաշտոնից ազատելու որոշումը։ Մարտի 9-ին Մարուքյանը հայտարարեց, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվել է մի քանի պատճառով, որոնցից մեկը եղել է ՀՀ նոր Սահմանադրության ու ՀՀ հռչակագրի շուրջ անհամաձայնությունը։