Երևանի և Բաքվի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն

Հայաստանի և Ադրբեջանի դրոշներ
ԱՄՆ-ում կարծում են, որ Ադրբեջանն իր նպատակներին հասնելու համար կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից հրապարակված սպառնալիքների ամենամյա գնահատման մեջ։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կորուստը փոքր-ինչ նվազեցրել է անկայունության մակարդակը, սակայն ամբողջությամբ չի վերացրել ռիսկերը:
Նոր հակամարտության հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ խաղաղության պայմանագրի բացակայություն, երկու երկրների զինվորականների դիրքերի միջև կարճ հեռավորություն, հրադադարի վերահսկման մեխանիզմի բացակայություն, Բաքվի կողմից ռազմական ուժ կիրառելու պատրաստականություն։
ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու համար շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Բաքուն մասնավորապես ձգտում է արտատարածքային միջանցք ստանալ դեպի Նախիջևան, ինչը նույնպես մեծացնում է զինված բախման վտանգը: