ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը օպերատիվ միջոցներ է ձեռնարկում Եվրասիական տնտեսական միությունում առևտրային խոչընդոտները վերացնելու համար։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին այս մասին ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
Սագինտաև և Ժապարովի հանդիպումը կայացել է Բիշքեկում։ Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրանք քննարկել են ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության շրջանակում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաներ, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման խորացումն ու ընդլայնումը: Ղրղզստանի ղեկավարը ԵՏՀ ղեկավարին ասել է, որ վերջին ժամանակներս, հակառակ Միության սկզբունքներին, միավորման մեջ փոխադարձ առևտրի խոչընդոտները միայն ամրապնդվում են:
«Բակիտժան Սագինտաևը տեղեկացրել է, թե հանձնաժողովն ինչ աշխատանքներ է իրականացնում ԵԱՏՄ–ի ներսում փոխադարձ առևտրի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Նա նշել է, որ ծագող առանձին հարցերի լուծման համար օպերատիվ միջոցներ են ձեռնարկվում»,- հայտարարել է Ժապարովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Սագինտաևը նաև նշել է, որ այսօր միությունը դինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորում է, և ընդգծել է, որ ԵԱՏՄ ՀՆԱ-ն հասել է 2,2 տրիլիոն դոլարի: Նրա խոսքով` այս պահին ընթանում է մինչև 2030 թ. ԵԱՏՄ զարգացման հռչակագրի կետերի իրականացման միջոցառումների ծրագրի նախապատրաստում։ Հռչակագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել զարգացնել համագործակցությունը եվրասիական ինտեգրման շրջանակներում»,-ընդգծել են Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունում:
Հանդիպման ավարտին Ժապարովը շնորհավորել է Սագինտաևին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ և նրան մեծ հաջողություններ մաղթել միության առջև դրված բոլոր խնդիրների իրականացման գործում: