ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է դատական պրոցես սկսել այն բանից հետո, երբ իրեն թույլ չտվեցին քաղաքապետարան մուտք գործել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին զուգահեռ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Մարությանը (նրան օրերս զրկել են ավագանու մանդատից, – խմբ.)։
Նշենք, որ Մարությանին մերժել են Տիգրան Ավինյանի երդմնակալությունից մեկ օր առաջ ընդունված կարգի հիմնավորմամբ, չնայած ՏԻՄ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել և ելույթներ ունենալ նաև այլ անձինք։
«Ես 5– րոպեանոց ելույթ պետք է ունենայի, բայց այս իշխանությունները, խախտելով բոլոր օրենքները, ինձ թույլ չեն տալիս մուտք գործել։ Սա խոսում է մի բանի մասին` այս մարդիկ չեն ցանկացել հեղափոխություն անել ու ժողովրդի վիճակն էլ լավացնել։ Իրենք ուղղակի ուզում էին, որ իրենք լինեին Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի փոխարեն։ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, իմ իշխանության օրոք նմանատիպ իրավիճակներ և դեպքեր չեն եղել։ Ահա թե ինչու իմ պաշտոնավարումը տևեց 3 տարի»,– նշեց նախկին քաղաքապետը։
Նկատառմանը, որ գուցե շարունակեր պաշտոնավարել, նույն իրավիճակը կլիներ, Մարությանը վստահեցրեց` նման բան անհնար է` լիներ, քանի որ 3 տարի ինքը դա ապացուցել է։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին փետրվարի 7-ին ավագանու մանդատից զրկել են 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։