Բաքվում պահվող ԼՂ պաշտոնյաները չեն կարող անկաշկանդ կերպով տեսանկարահանվել. ՄԻՊ

Մանասյանի խոսքով` գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ներկայացնել տեսանկարահանվելու իրենց համաձայնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ ադրբեջանական AzTV-ն մարտի 10-ին հրապարակել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնսը։
«Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար»,–գրել է նա:
Մանասյանի խոսքով` գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։
«Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները»,–գրել է նա։
Նա նաև հիշեցնում է, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։