ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևան քաղաքի իշխանությունները հասարակական տրանսպորտի վատթարացում են անում. այն, ինչ անում են, չի աշխատելու, ինչպես չաշխատեց կարմիր գծերի` իրենց առաջարկած մոդելը։ Երևանի քաղաքապետարանի մոտ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
«Ես դա հայտարարում եմ պատասխանատու ձևով։ Քաղաքային տրանսպորտի մասին խոսելիս իշխանությունները միայն խոսում են ավտոբուսների մասին, մինչդեռ դրա մեջ մտնում են նաև տաքսիները, որոնք լրիվ անտեսված են։ Հեծանվաուղիները ևս անտեսված են ու ոչ մի աշխատանք չի տարվում այս ուղղությամբ։ Տրամվայների ու ճոպանուղու հարցն էլ պետք է արդիական դառնա, քանի որ դրանք էկոլոգիապես մաքուր տրանսպորտ են»,– ընդգծեց նա։
Մնացականյանը ևս մեկ անգամ հիշեցրեց իր գաղափարը` հասարակական տրանսպորտը 3–5 տարի ժամանակով դարձնել անվճար։
«Այդ գումարի տեղը մենք ասել էինք, թե որտեղից կարելի է գտնել։ Դա նաև ստիմուլյացիա կլինի, որ մարդիկ ավելի քիչ օգտվեն անձնական մեքենաներից։ Սոցիալական հեղափոխությունը կլինի այն, որ քիչ ունևոր, աղքատ մարդիկ գնեն ոչ թե ճոխ մեքենաներ ու ծանրացնեն երթևեկությունը, այլ հակառակը` հարուստ մարդիկ սկսեն օգտվել տրանսպորտից»,– նշեց նա։
Ըստ Մնացականյանի` գազելներն, օրինակ, վատ բան չէին, թեև դրանք քաղաքային այս իշխանություններն ասոցացրեցին վատ բանի հետ։ Նա բերեց Լոս Անջելեի օրինակը, որտեղ ոչ թե կոնկրետ այդ տեսակի մեքենաներն են երթուղում, այլ գործում են ավելի փոքր, արագ փոխադրող մեքենաներ, որոնք սպասարկում են էքսպրես գծերը։ Նրա կարծիքով` այդ տրանսպորտով հնարավոր կլիներ, օրինակ, քաղաքապետարանի կամ հարակից բանկերի աշխատակցիներին արագ` ուղիղ գծով, տեղափոխել Նոր Նորքի 7–րդ զանգված։
Անդրադառնալով ավտոկայանատեղիների կարմիր գծերին` նախկին թաղապետը նշեց, որ Կենտրոն վարչական շրջանի հիմնական փողոցներում ոչ մի բան չի փոխվել, նույն ծանրաբեռնվածությունն է։ Նա հարց ուղղեց քաղաքային իշխանություններին` արդյոք արվե՞լ է որևէ հետազոտություն, թե ինչքան մարդ է իր անձնական մեքենայով գալիս մայրաքաղաքի կենտրոն` երեխաներին մանակապարտեզ կամ դպրոց բերելու համար, ու թե ինչո՞ւ իրենց թաղամասերի այդ հաստատություններ չեն տանում երեխաներին։
«Սա նույնպես սոցիալական լուրջ խնդիր է։ Ես առաջարկում եմ նաև Մաշտոցի պողոտայի բոլոր կայանատեղիները հանել, քանի որ այս պողոտան և Խանջյան փողոցը հանդիսանում են քաղաքային միջանցք ու այստեղ առաջանում է երթևեկության թնջուկ»,– նկատեց Մնացականյանը։
Նա հաշվարկ է արել ու պարզել, որ Մաշտոցի պողոտայում` մինչև Մատենադարան, կայանում է ընդամենը 550 մեքենա, որոնք հնարավոր է տեղավորել Օպերայի շենքի ստորգետնյա` քաղաքապետարանապատկան կայանատեղիում։ Ըստ նրա` եթե կենտրոնում երկու–երեք ստորգետնյա ու վերգետնյա նման կայանատեղիներ կառուցվեն, ապա այդ հարցը հնարավոր կլինի որպես համակարգային խնդիր լուծել։
Նշենք, որ Երևանի քաղաքային իշխանության նախագծով առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ: