ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի 17–ամյա մատուցողի նկատմամբ բռնություն կիրառած ՆԳՆ պաշտոնատար անձի նկատմամբ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թ. ապրիլի 10–ին` կեսգիշերին մոտ, ՆԳՆ Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը և սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել 17–ամյա մատուցողի հետ: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը համալիրի խոհանոցում խոհարարի ներկայությամբ երկու ձեռքի ափերով առնվազն 23 հարված է հասցրել անչափահասի գլխին և մարմնի տարբեր մասերին:
2023 թ. մայիսի 10–ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հունիսի 2–ին Տավուշի մարզի դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով (Անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Դատախազը 2024 թ. փետրվարի 20–ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: