ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարը գիշերը վթարվել է։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ։ Գիշերվանից ընկերության աշխատակիցները վթարի վայրում են, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով»,– ասված է հաղորդագրությունում։
Ներկայում «Վեոլիա ջրի» աշխատակիցները Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ են մշակում։
Ընկերությունից հայտնում են նաև, որ մինչ այժմ ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել են վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ խնդիրը մեղմելու համար։ Նրանք նաև պարբերաբար դիմել են պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ վերջիններս կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները։
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էլ հայտնեցին, որ վթարի հետևանքում ջուր չի լինի Կենտրոնում և Արաբկիրում։ Արզնի 2-Երևան մայրուղային ջրատարի միջոցով իրականացվում է բաժանորդների մոտ 25 տոկոսի ջրամատակարարումը։