ՄՔԴ-ի անդամակցությունը Հայաստանին չի խանգարում նախագահել ԵԱՏՄ–ն. ՔՊ–ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Արդյոք ՀՀ–ում կանցկացվի՞ ԵԱՏՄ նիստ, և արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա մասնակցել դրան` ՔՊ պատգամավորն, ըստ էության, չպատասխանեց այս հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Միջազգային քրեական դատարանին անդամակցությունը Հայաստանին չի խանգարում մեզ կատարել Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի բոլոր պարտականությունները: Այդ մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Պետք չէ այս երկու գործընթացները խառնել իրար. դրանք իսկապես տարբեր խոսակցություններ են։ ԵԱՏՄ–ն առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ մեծ հնարավորություններ է ընձեռնում մեր երկրի համար` նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում։ ԵԱՏՄ շրջանակում ինչ պարտավորություն, որ ենթադրվում է, մենք կատարելու ենք։ Իսկ մնացած բոլոր կնճռոտ հարցերը մեր դաշնակից պետությունների հետ քննարկման փուլում են»,– ընդգծեց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց նրանից` քանի որ, որ այս տարի ԵԱՏՄ կազմավորման 10–ամյակն է, ՀՀ–ում նիստ տեղի ունենալո՞ւ է միության ղեկավարների մակարդակով` հաշվի առնելով ՄՔԴ որոշումը ՌԴ նախագահի մասով։
«Ավելի կոնկրետացնեմ հարցս` Վլադիմիր Պուտինը ՀՀ գալո՞ւ է, թե չի համարձակվելու, քանի որ առկա է Հռոմի ստատուտի հարցը։ Այդ հարցը քննարկե՞լ եք ձեր ռուս գործընկերներ հետ, քանի որ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ հարցը թողնում է օդում կախված»,– հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան Վաղարշակ Հակոբյանն ասաց` եթե լինի կոնսենսուս, որ բոլոր ղեկավարները պետք է այցելեն մեր երկիր, դա տեղի կունենա։
«Պետք չէ այստեղ որևէ արտառոց բան ման գալ, քանի որ իրականությունն այն է, որ ՀՀ–ն ԵԱՏՄ նախագահությունը ստանձնել է ու կատարում է իր գործառույթները»,– նորից կրկնեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թ. փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ՝ ավելի վաղ կազմակերպությանը պաշտոնապես փոխանցելով Հռոմի կանոնադրության վավերացումը հաստատող փաստաթղթերը:
Հավելենք, որ Միջազգային քրեական դատարանի մինչդատական պալատը, որի իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային «ձերբակալելու» օրդեր էր տվել: