ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Լեհաստանը ՀՀ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
«Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.–ին, որը մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Փ.Մ.–ի տեղափոխումը Երևան: