Կան մեծ շանսեր, որ մինչև 2031 թվականը Հայաստանի համար գազի գինը կպահպանվի. փոխնախարար

ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այդ գինը պահպանվի ու լինի մատչելի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Կան մեծ շանսեր, որ առնվազն ևս 8 տարի ՀՀ–ի համար գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Վերջին 5 տարվա ընթացքում միայն 2019 թ–ի հունվարի 1–ին է գազի գինը ֆիքսվել ՀՀ–ում։ Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, սակայն կան մեծ շանսեր, որ առնվազն ևս 8 տարի ՀՀ–ի համար գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում չլինեն։ Մինչդեռ, եթե գազի գինը աշխարհում դառնա 3000 դոլար, դժվար թե ՀՀ–ում հնարավոր լինի գազի գինը 165 դոլար պահպանել։ Միևնույն ժամանակ մենք տեսանք` երբ մեկ տարի եվրոպական ու միջազգային շուկաներում գազի գինը հասավ 2000–3000 դոլարի, ՀՀ–ում գինը պահպանվեց»,– ընդգծեց Վարդանյանը։
Փոխնախարարն իր համոզմունքը հիմնավորեց` հիշեցնելով 2013 թ–ին ստորագրված գազի պայմանագրի` 2023 թ–ին լրացուցիչ կնքված համաձայնագիրը, ըստ որի` ՀՀ համար գազի գինը մինչև 2031 թ–ն, որոշակի մեխանիզմների պահպանմամբ, պետք է լինի ներկայիս արժեքների շրջանակում։
ԵԱՏՄ էներգառեսուրսների ընդհանուր շուկան մինչև 2027 թ չի ձևավորվի. կոնսենսուս չի ձևավորվում
Նրա խոսքով` ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այդ գինը պահպանվի ու լինի մատչելի, եթե նման ազդակներ լինեն աշխարհում։