ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանը երկու անգամ կնախագահի ՄԱԿ-ի զինաթափման հարցերով խորհրդաժողովի նիստը, որը կկայանա 2024 թվականին: Այս մասին հայտնում է Իրանի կառավարությունը Telegram-ի պաշտոնական ալիքում։
«2024 թվականի ՄԱԿ-ի զինաթափման խորհրդաժողովի նիստը, որը մեկնարկել է հունվարի 22-ին, կշարունակվի մինչև այս տարվա սեպտեմբերի 13-ը․․․ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկու անգամ կնախագահի միջազգային այս կարևոր հանդիպումը` մարտի 18-29-ը և մայիսի 13-24-ը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն են միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցումը և միջուկային զինաթափումը, միջուկային պատերազմի կանխումը, տիեզերական տարածքում սպառազինությունների մրցավազքի կանխումը, արդյունավետ միջազգային համաձայնագրերը, որոնք միջուկային զենք չունեցող պետություններին երաշխավորում են, որ իրենց նկատմամբ միջուկային զենք չի կիրառվի և նրանց չեն սպառնա նման զենքով և այլն: