ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայաստանի համար դժվար է միանալ ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի շուկային զուտ տեխնիկական պատճառներով։ Տեղեկությունը հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը տարածաշրջանային ինտեգրման և եվրասիական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Վարդանյանը նշել է, որ ՀՀ-ն այդուհանդերձ շարունակում է շահագրգիռ քննարկումները այդ խոչընդոտների վերացման վերաբերյալ։
Էլեկտրաէներգիա փոխանցելիս (լինի դա առք, թե վաճառք) պետք է հաշվի առնել, թե ինչ ռեժիմով են աշխատում ցանցերը (և՛ ուղարկող երկրների, և՛ ստացողի):
Համակարգում ընթացիկ հաճախականությունը պահպանելու համար երկրների օպերատորները հավասարակշռություն են պահպանում էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման միջև:
Եթե, օրինակ, Հայաստանն ուզում է Ռուսաստանին 100 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա վաճառել, ապա պետք է պայմանավորվել նաև Վրաստանի էլեկտրացանցի հետ, թե ինչպես դրա բալանսի մեջ մտցնել այդ էլեկտրաէներգիայի տեղափոխումը։ Այսինքն ՝ Հայաստանը չի կարող աշխատել առանց Վրաստանի էներգահամակարգերի ռեժիմների հետ համաձայնեցնելու։
Եվս մեկ հարց, որի շուրջ դեռ չեն պայմանավորվել Ղազախստանն ու Ռուսաստանը, այն է, թե որ ծրագրային համալիրը պետք է կառավարի միասնական շուկան։
Հայաստանը համաձայն է, որ յուրաքանչյուր երկրում էներգահամակարգի օպերատորը սեփական սոֆթով աշխատի, իսկ երկրների միջև էլեկտրաէներգիայի առևտրի համար կիրառվի ռուսական սոֆթ, որտեղ դրա համար նոր «պատուհան» կբացվի՝ ԵԱՏՄ շրջանակում առևտրի նպատակով՝ բոլոր հինգ երկրների վերահսկողության ներքո։
Ռուսական սոֆթի առավելությունը, փոխնախարարի կարծիքով, դրա փորձված լինելն է, քանի որ այն արդեն երկար տարիներ է` գործում է։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկրները 7-8 տարի շարունակ քննարկում են էլեկտրաէներգիայի և գազի միասնական շուկաների գաղափարը՝ հավասարազոր բորսայական սակարկությունների հիման վրա։ Փորձնական սակարկությունները պետք է անցկացվեին Սանկտ Պետերբուրգի բորսայում։
Հայաստանն արդեն սկսել է շուկայի ազատականացման ծրագիրը (երբ սպառողները կարող են ընտրել այլ մատակարարների, բացի «Հայաստանի էլեկտրական ցանցերից»)։ Բիզնեսի համար լիբերալ շուկա մուտք գործելը պարտադիր կլինի, տնային տնտեսությունների համար՝ ըստ ցանկության։ Ռուսաստանում լիբերալ շուկան գործում է խոշոր ձեռնարկությունների համար (ավելին՝ այստեղ):
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: