Հնդկաստանը փորձարկել է Agni-5 բալիստիկ հրթիռը՝ անջատվող մարտագլխիկով. վարչապետ

Այս տեխնոլոգիան թույլ է տալիս մեկ հրթիռով բազմաթիվ թիրախներ խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է անջատվող մարտագլխիկով հագեցած Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին թռիչքային փորձարկման հաջող անցկացման մասին։
«Հպարտանում եմ Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության մեր գիտնականներով, որոնք մասնակցել են «Դիվյաստրա» առաքելությանը, սեփական մշակման, անկախ ուղղորդմամբ անջատվող գլխամասի տեխնոլոգիայով Agni-5 հրթիռի առաջին թռիչքային փորձարկմանը»,-գրել է նա X սոցցանցում:
Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն ընդգծել է, որ այդ փորձարկումների հաջողությունը հաստատում է, որ Հնդկաստանը մուտք է գործել այն պետությունների սահմանափակ շրջանակ, որոնք տիրապետում են հրթիռի անջատվող գլխամասի տեխնոլոգիային ՝ տարբեր թիրախների վրա անկախ ուղղորդման հնարավորությամբ:
Ani գործակալության տվյալներով՝ տվյալ տեխնոլոգիան թույլ է տալիս մեկ հրթիռով բազմաթիվ թիրախներ խոցել։
Հնդկաստանն ու Ֆրանսիան ռազմական տեխնիկա արտադրելու պայմանավորվածություն են ձեռք բերել
Հնդկաստանի զինանոցում արդեն առկա են «Ագնի-1» բալիստիկ հրթիռները՝ 700 կմ հեռահարությամբ, «Ագնի-2»-ը՝ 2 հազար կմ հեռահարությամբ, «Ագնի-3»-ը և «Ագնի-4»-ը՝ 2,5-ից մինչև 3,5 հազար կմ հեռահարությամբ, ինչպես նաև «Ագնի-5»-ը՝ ավելի քան 5 հազար կմ հեռահարությամբ: Բացի այդ, մշակվում է «Ագնի-6» հրթիռը՝ մինչև 10 հազար կմ հեռահարությամբ, որը կարող է արձակվել սուզանավից: