ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը քննարկել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:
Կոբախիձեի և Սմբատյանի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ին:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության նախկին ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքեցին 2024 թվականի հունվարին Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ համաձայնագրի ստորագրումը ձեռքբերում է և վերջին մի քանի տարիների համատեղ ջանքերի ու աշխատանքի արդյունք է, արտացոլում է երկու երկրների ընդհանրություններն ու նպատակասլացությունը։