ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԵԱՏՄ էներգառեսուրսների միասնական շուկան մինչև 2027 թ չի ձևավորվի. կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս դեռևս չի ձևավորվում։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Ուզում եմ նշել, որ ԵԱՏՄ–ում գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների գործնական կիրառումը նախատեսվում էր սկսել 2025 թ–ին, սակայն այս պահին ԵԱՏՄ ներսում քննարկվում է այդ նախագծի հետաձգումը։ Կարծում եմ, որ այն հետաձգվելու է մինչև 2027 թ: Օրինակ՝ գազի ընդհանուր շուկայի հետ կապված 5–7 հարց կա, որոնց շուրջ միության անդամ երկրները կոնսենսուս չունեն»,– ասաց նա։
Ըստ փոխնախարարի` գազի հարցում հիմնականում երկու հարց է արդիական այս պահին։ Դրանցից մեկը գազի գնի ձևավոման սկզբունքներն են, որ այն բոլորի համար լինի նույնը։
«ՌԴ–ն ու Ղազախստանը` որպես գազ ունեցող երկիր, դեմ են այդ մոտեցմանը և կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները այլ պետք է լինեն»,– նշեց նա։
Մյուս խնդիրը, որի շուրջ ընդհանուր համաձայնության չեն գալիս միության անդամ երկրները,այն է, որ մասնավորապես հայկական կողմը կարծում է` գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների երկկողմ պայմանագրերը պետք է մոտարկվեն, համաձայնեցվեն կամ դադարեն գործել։
«ՌԴ–ն ու Ղազախստանը կրկին համաձայն չեն ու կարծում են, որ երկկողմ պայմանագրերը պետք է շարունակեն գործել։ Օրինակ` մեր պայմանագիրը ՌԴ հետ մինչև 2043 թվականն է։ Մենք կարծում ենք, որ հնարավոր չէ գազի ընդհանուր շուկային զուգահեռ գործեն նաև երկկողմ պայմանագրերը»,– ընդգծեց Վարդանյանը։
Նրա խոսքով` միակ կոնսենսուսն այն է, որ գազի գինը բոլորի համար նույնը պետք է լինի գազի հանքավայրում, իսկ թե դրանից հետո մինչև երկիր հասնելը ինչպես պետք է ձևավորվի այդ գինը, ՌԴ–ն և Ղազախստանն կարծում են, որ իրենց մոտ գործում է մեծ ու բազմաշերտ սուբսիդավորման համակարգ ու չի կարող, օրինակ, Ռուսաստանի սպառողի համար էլ գինը նույնը լինել, ինչ, ասենք, Բելառուսի կամ Հայաստանի սպառողի համար։
«Այսինքն` գազ արդյունահանողները կարծում են, որ պետք է լինի երկու գին` ներքին սպառման և արտահանման համար։ Եթե լինի ընդհանուր շուկա, ապա հնարավոր չի լինի իրավիճակային լուծումներ տալ գազի սպասարկման կամ գնի առումով։ Այնպես չէ, որ գազի գինը մեզ համար էժան է, և այս պարագայում կարծում ենք, որ միգուցե ավելի լավ պայմաններ լինեն մեզ համար»,– նկատեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկային, ապա Վարդանյանը նշեց, որ այդ մասով ՀՀ–ի համար մի կողմից հեշտ է ընդհանուր շուկան, մյուս կողմից` բարդ։
«Ես այնքան էլ լավատես չեմ այն առումով, որ մենք կարող ենք ինտեգրվել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի մեջ, քանի որ ընդհանուր սահման չունենք ԵԱՏՄ մյուս երկրների հետ»,– ընդգծեց Վարդանյանը։
Նրա կարծիքով` ՀՀ–ի համար ավելի կարևոր է Վրաստան–Հայաստան, Վրաստան–ՌԴ էլեկտրաէներգիայի ռեժիմների պայմանագրերը։