Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. ո՞ր դրույթներն են փոփոխման ենթակա

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արդարադատւթյան նախարարությունից` ի պատասխան գրավոր հարցման։
Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե հանձնաժողովը մայր օրենքի որ դրույթներն է քննարկում փոփոխել, սակայն նշում են, որ հաստատված նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են պետության կառավարման ձևին, նախագահի լիազորությունների շրջանակին, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն, Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին, մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին, Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»։
Նշվում է, որ հայեցակարգը նախատեսում է նաև Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը կարծրացնելուն և այլ կարգավորումներին վերաբերող փոփոխություններ, որոնք արդեն հաստատվել են նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից:
Արդարադատության նախարարությունից նաև հայտնել են, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է իրավաբան-գիտնական Դավիթ Հակոբյանը։ Թե ուրիշ ինչ մասնագետներ են ներառված մասնագիտական հանձնաժողովի կազմում՝ գերատեսչությունից չեն հստակեցնում։
Նշենք, որ Դավիթ Հակոբյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր ընտրվել հայտարարված մրցույթի արդյունքում` 2023թ –ի փետրվարի 3-ին։ Ավելի ուշ Հակոբյանը դարձել էր հանձնաժողովի աշխատանքները համակարգողը։
Հիշեցնենք` ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի ևՀայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի ևՀայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի ևԵրևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։