ԱՄՆ-ն նախատեսում է 52 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման համար

ԱՄՆ պետքարտուղարություն
Ավելի վաղ Պետքարտուղարության ներկայացուցիչը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ վարչակազմը շարունակելու է աջակցել մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ ԱՄՆ-ն 2025 թվականին մտադիր է 52 մլն դոլար տրամադրել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունը ամրապնդելու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։
«Հայաստանի մասով բյուջեն 52 միլիոն դոլար է ենթադրում»,- ասել է նա՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման» համար նախատեսվող ծախսերի գումարի մասին հարցին:
Հիշեցնենք` այս տարի հունվարին ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ գլոբալ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության ոլորտում բարեփոխումների արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարում: