Ջո Բայդենը ութսունմեկ տարեկան է։ Ուինսթոն Չերչիլը նույն տարիքի էր, երբ հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից, բայց Չերչիլը շարունակեց զբաղվել գրական գործերով, որոնք նրան ժամանակին Նոբելյան մրցանակ բերեցին։ Նա հուշեր և հոդվածներ գրեց, նկարեց և այդ ամենը՝ առանց Ալցհայմերի, դեմենցիայի և, իհարկե, առանց զառամախտի նշանների: Բոլորինկարելի է այդպիսի երկարակեցություն մաղթել։
Տարիների ընթացքում մեր կյանքի հետագիծը փոխվում է, բայց ոչ միշտ դեպի լավը: Լավագույնը տարբերակն է, երբ ապրած տարիների շնորհիվ ձեռք է բերվում փորձ, խոհեմություն, պայծառատեսություն, իսկ բոլորը միասին՝ իմաստություն, որը թույլ է տալիս ճիշտ որոշումներ հուշել կամ կայացնել:
Օրինակ՝ Մահաթիր Մոհամադը (իննսունութ տարեկան) մինչև վերջերս Մալայզիայի վարչապետն էր։
«Եթե շարունակենք փորփրել անցյալը, դուք երբեք չեք կարող որևէ մեկի հետ աշխատել: Դուք միշտ պայքարելու եք ձեր թշնամիների դեմ, և դա վատ է»:
Փաշինյան Նիկոլ Վովայի։ Հայաստան, վարչապետ, քառասունութ տարեկան (պաշտոնը ստանձնելու պահին հինգ տարով փոքր էր):
«Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է: Պարտությունը հաղթանակ է»։ Դե արի ու հասկացի՝ ինչ էր ուզում ասել ծաղկուն տարիքում, հստակ մտքով և լիարժեք առողջությամբ:
Կամ.
«Ռուսաստանն իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերով հեռանում է տարածաշրջանից ...Մի օր մենք կարող ենք արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այլևս այստեղ չէ»:
Դրան հաջորդում են Փաշինյանի բավականին անորոշ դատողություններն այն մասին, թե ինչու էր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից անվտանգության ոլորտում սխալ։
Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի Դաշնության նախագահ: Յոթանասունմեկ տարեկան:
«Այդ մենք չենք հրաժարվել Ղարաբաղից։ Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում։ Իրականում դա արել են նախաձեռնողաբար։ Եվ մեզ առանձնապես չեն տեղեկացրել»։ Ի՞նչն է այստեղ սխալ։
Հիմա ամփոփիչ ցուցակով՝ ով քանի տարեկան է։
Սի Ծինփին, Չինաստան՝ 70 տարեկան, Շեյխ Հասինա, Բանգլադեշ՝ 76, Փոլ Բիյա, Կամերուն՝ 91, Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդ, Սաուդյան Արաբիա՝ 88, Նարենդրա Մոդի, Հնդկաստան՝ 73:
Ինչպես տեսնում ենք՝ աշխարհը ղեկավարվում է պատկառելի տարիքի առաջնորդների կողմից, և դրա հետ համաձայն է մարդկանց մեծամասնությունը, ավելի հեշտ է վստահել տարեցներին և փորձառուներին:
Արտաքին քաղաքականության մեջ ակտիվորեն ներգրավված երկրների առաջնորդների միջին տարիքը յոթանասունն է: Ո՞րն է գաղտնիքը, որ համաշխարհային բեմում բարձր քաղաքականության մեջ երիտասարդներն ու նախանձախնդիրներն այդքան շատ չեն։
Հաճախ «երիտասարդ կառավարություն» հասկացությունը կապված է բարեփոխումների հետ, որոնք դեռ հաստատ չէ, որ հաջող կլինեն, պնդում է ռուս քաղտեխնոլոգ Ալեքսեյ Ռոշչինը։
Մարդիկ վախենում են, որ երիտասարդն ու նախանձախնդիրը սխալներ կգործի, մինչդեռ ծեր ձին ակոսը չի փչացնի:
Մյուս կողմից՝ տարիքային դեմենցիան և արտաքին քաղաքականությունը շատ վտանգավոր համադրություն են։ Խոսքը ոչ միայն մտավոր պարզության, այլև առողջության մասին է, որը աշխատանքից հարկադիր բացակայություն է ենթադրում:
Եվ կրկին վերադառնանք Բայդենին, որը հեռախոսը շփոթում է հեռուստացույցի հետ, մերթ ընդ մերթ քնում է ասուլիսների ժամանակ, հրահանգում է օգտագործել չորս հարյուր հազար դոլար արժողությամբ հրթիռները՝ յուրաքանչյուրը տասներկու դոլար արժողությամբ փուչիկներ խոցելու համար, և էլի շատ այլ բաներ, որոնք թույլ են տալիս Ամերիկայի առաջին դեմքին պրոֆեսիոնալ հիմար անվանել։
Հակվու՞մ ենք դեպի ոսկե միջինը: Սա այն դեպքն է, երբ մի արշինով չես չափում։ Մարդ կա ութսուն տարեկանում էլ Պլատոն չէ, մարդ էլ կա՝ քառասունում (կամ մի փոքր ավելին) էլ է հիշվում իր գործերով:
Փորձագետների պնդմամբ՝ այսօր հասունության տարիքը հիսունից հասել է վաթսունի։ Դա պայմանավորված է կյանքի երկարացմամբ և երիտասարդների ուշ հասունացմամբ։ Այժմ հիսուն տարեկանում երկրորդ հասունությունն է գալիս։ Հետևաբար, քառասունհինգ-հիսունհինգ տարեկան հասակում ճիշտ ժամանակն է քաղաքական պաշտոններ ստանձնել, նշում են որոշ քաղաքագետները:
Կարեն Դեմիրճյանը Հայաստանը գլխավորել է քառասուներկու տարեկանում։ Այսինքն՝ խորհրդային ժամանակի չափանիշներով՝ չափազանց երիտասարդ: Երկիրը թողել է խորհրդանշական կառույցներով՝ մետրո, «Զվարթնոց» օդանավակայան, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ, որոնցից մինչ օրս օգտվում ենք, և ոչ պակաս խորհրդանշական արդյունաբերական-արտադրական համալիրներ, որոնցից չենք օգտվում, որովհետև «կերել» են, կորցրել ենք, մսխել ենք։
Աշխարհում պետության ամենաերիտասարդ ղեկավարը Բուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմ Տրաորեն է, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջմամբ: Իշխանության գալու պահին ընդամենը երեսունչորս տարեկան էր։ Թե ինչ կլինի երկրի հետ հետո, դժվար է ասել։ Բուրկինա Ֆասոյի նախագահի պաշտոնում իր առաջին հրամանագրով Իբրահիմ Տրաորեն կրճատել է իր և կառավարության անդամների աշխատավարձերը: Ճանաչելի է այսօր պոպուլիստական որակվող Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին քայլերը։ Ինչևէ, պատմության մեջ 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում Փաշինյանի ազգանունը գտնելը հեշտ չի լինելու:
Ավարտելով ամփոփումը: Հավանաբար, կարելի է լսել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Նիկի Հեյլիի առաջարկությունը։ Հեյլին կոչ է արել կատարել պարզության թեստեր, այսինքն՝ յոթանասունհինգ տարեկանից բարձր քաղաքական գործիչների մտավոր կարողությունների բազային թեստ:
Ի վերջո, հարցերը բազմապատկվում են, երբ տեղի են ունենում միջադեպեր, որոնք վկայում են մտավոր խառնաշփոթի մասին, լինի դա Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը, որը նույնպես ութսունմեկ տարեկան է, թե ութսուներեք տարեկան դեմոկրատ Նենսի Փելոսին, որը վերջերս լքեց Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը: Եվ լավ է, որ հայերին շփոթեցնող ամերիկացուն հրաժեշտ տվեցին։
Իսկ ինչպես կլինեն աշխարհի իշխանությունների և կառավարությունների մյուս՝ երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ պետական ղեկավարների գործերը, կապրենք՝ կտեսնենք։