Իսրայելի վարչապետն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին՝ պատասխանելով նրա մեղադրանքներին, թե Գազայում Իսրայելը մարդկության դեմ հանցավոր գործողություններ է իրականացնում: Այս մասին Նեթանյահուն գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի Էրդողանի բարոյական քարոզները, որն աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մարդասպաններին և բռնարարներին, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, սպանում քրդերին իր երկրում, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողները անհետանում են»,- գրել է Իսրայելի վարչապետը։
Երեկ Էրդողանը քննադատել էր Նեթանյահուին և նրա կառավարությանը՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունների համար ու Նեթանյահուին համեմատել Ադոլֆ Հիտլերի և Բենիտո Մուսոլինիի հետ։ Թուրքիայի նախագահը կրկին աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին ու պաղեստինցիներին։