ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 31045 մարդու, տուժել է 72 654 մարդ»,-ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության հայտարարության` «Իսրայելի հարվածներից զոհվածների 72 տոկոսը կանայք և երեխաներ են»:
Գերատեսչության տվյալներով` անցած մեկ օրում իսրայելական բանակի գործողությունների պատճառով Գազայի հատվածի տարածքում 85 խաղաղ բնակիչ է զոհվել։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։