ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին մինչ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան նշանակվելը ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին։
«Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Վալերի Զալուժնին ձմռանը ռազմաբժշկական ստուգումներ է անցել և ճանաչվել է ոչ պիտանի բանակում ծառայելու համար։ Նա նաև փետրվարին զեկույց է գրել զինվորական ծառայությունից ազատվելու մասին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ պարբերականի` պաշտոնանկության ուշացումը բացատրվում է այն հանգամանքով, որ Ուկրաինայի օրենսդրության մեջ կան բացեր, օրինակ` հստակ սահմանված չէ, թե ով պետք է պաշտոնանկ անի գեներալի կոչումով Զալուժնիին զինվորական ծառայությունից ՝ պաշտպանության նախարարը, թե Զելենսկին։
«Գործող օրենսդրության համաձայն՝ պաշտպանության նախարարի տրամադրության տակ երկու ամիս մնալուց հետո զինծառայողը (միջանկյալ կարգավիճակում գտնվող. խմբ.) դադարում է դրամական վճարում ստանալ, բացի զինվորական կոչման աշխատավարձից: Բարձրագույն զինվորական կոչում ունեցող գեներալ Զալուժնիի դեպքում դա կազմում է ամսական 1762 գրիվնա (46 դոլար)», - նշել է պարբերականը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն մարտի 7-ին հայտնեց, որ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում Զալուժնիի թեկնածությունը համաձայնեցվել է։