Փաշինյանը հիասթափված է Եգիպտոս կատարած պաշտոնական այցից. ԶԼՄ

Հայաստանի և Եգիպտոսի վարչապետները
Ըստ լրատվամիջոցի` ՀՀ վարչապետն ասել է, որ այցը ոչինչ չի տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր հիասթափությունը Եգիպտոս կատարած պաշտոնական այցից։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Իշխանական քարոզչամեքենան փորձեց խորհրդավորություն և հույժ կարևորություն հաղորդել այցին: Անգամ լուրեր տարածեցին` գուցե զենքի գնման գործարքներ են քննարկվել։ Մինչդեռ Փաշինյանը ՔՊ–ի հետ հանդիպմանը նշել է, որ շարքային պաշտոնական այց է եղել, անգամ չի թաքցրել հիասթափությունը, թե պետական միջոցների վատնումից բացի, բան չեն ստացել»,– գրում է թերթը:

Հիշեցնենք, որ մարտի 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակում նա առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ-Սիսիի հետ: Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: