Հնարավոր է` ԱՄՆ-ն ծովային հետևակ ուղարկի Հայիթի. ԶԼՄ

Հայիթի
Հայիթիում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ էր արել հնարավորինս արագ լքել երկիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայիթիում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով ԱՄՆ-ն դիտարկում է ծովային հետևակ ուղարկելու տարբերակը։ Տեղեկությունը հայտնում է «Marine Corps Times»–ը՝ հղում անելով զինվորական պաշտոնյայի:
«Պաշտպանության նախարարությունը դիտարկում է ծովային հետևակի ահաբեկչության դեմ պայքարի խմբի դասակի տեղակայումը, եթե Պետդեպարտամենտը աջակցություն խնդրի Պորտ-օ-Պրենսում ԱՄՆ դեսպանատան անվտանգության համար», - գրում է լրատվամիջոցը։
Նշենք, որ այս շաբաթ Հայիթիում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին կոչ էր արել հնարավորինս արագ լքել երկիրը:
Հիշեցնենք` Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի կենտրոնում և քաղաքի միջազգային օդանավակայանի շրջանում հրաձգություն էր տեղի ունեցել փետրվարի 29-ին, երբ վարչապետ Արիել Անրին գտնվում էր Քենիայում՝ փորձելով վերջնականապես համաձայնեցնել Հայիթիում օտարերկրյա զինված զորախմբի տեղակայման մանրամասները՝ ավազակախմբերի դեմ պայքարելու համար: Վերջիններս հայտարարել են, որ թույլ չեն տա` Անրին շարունակի ղեկավարել և պատրաստվում են «ազատագրել» երկիրը: Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել։
Այս երկիրը երկար տարիների սոցիալ-քաղաքական ճգնաժամ է ապրում, որը սրվեց 2021 թվականի հուլիսին նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո։ իշխանության անգործությունը հանգեցրել է ավազակախմբերի ազդեցության աննախադեպ աճի. նրանք զբաղվում են շորթմամբ, փրկագին ստանալու նպատակով մարդկանց են առևանգում և վերահսկում են երկրի մի շարք շրջաններ, այդ թվում` վառելիքային տերմինալները: