ՀՀ-ի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը․ Նիկոս Դենդիաս

Նիկոս Դենդիասն ու Սուրեն Պապիկյանը
Հունաստանի պաշտպանության նախարարը խոսել է հայաստանյան այցի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հունաստանը ՀՀ-ի հետ կհամագործակցի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։ «Նաֆտեմպորիկի» թերթի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։
«Հայաստանյան այցիս ժամանակ մանրամասն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների կիրառման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթարներ»։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,– ասել է նա։
Նախարարը նշել է, որ Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն զբաղվում է այս ոլորտում իր կարողությունների ամրապնդմամբ։
Հիշեցնենք` Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։
Ըստ ՀՀ ՊՆ–ի` Պապիկյանն ու Դենդիասը պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։
Պետք է ցույց տանք` պատրաստ ենք դիմագրավել կոնֆլիկտներին․ Հունաստանի պաշտպանության նախարար