Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանում

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Կողմերը պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանում և քննարկել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քաղաքական խորհրդակցություններն անցկացվել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ: ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Գոհունակությամբ արձանագրելով երկկողմ զարգացող հարաբերությունները՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարևորությունը և փոխգործակցության մակարդակի խթանումը։
«Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։ Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում։