ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik․ Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը մայիսի 16–ին կցուցադրվեն Կաննի փառատոնի մեկնարկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գավառի ավագ դպրոցի «Խաղաղություն» և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի «Լույս» ֆիլմերը հայտնվել են ՅՈւՆԵՍԿՕ–ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթի ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում։
«Չնայած մի քանի օրից կորոշվեն կարճ ցանկում հայտնված ֆիլմերի հաղթողները, բայց սա արդեն մեծ հաջողություն է»,– նշել է նախարարը։
Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի կազմակերպած մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ 210 ֆիլմով։ Հայաստանից մասնակցել է 12 դպրոց։