ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակչով․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով` անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիների համար անազատ պայմաններում այսպիսի կենդանատեսակների բազմացումը նշանակալի ձեռքբերում է։
Այգին նաև ընդլայնվում և բարեկարգվում է։ Նախատեսում են ավելացնել ազատավանդակների թիվը, ճեմուղիներն ու կանաչապատ գոտիները։
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը նշում է, որ այս պահին նախագծման փուլում է փղի համար նախատեսված նոր ազատավանդակը։ Երբ այն պատրաստ լինի, Բունկան ընկերուհի կունենա։
2023 թվականին այգու այցելուների թիվը 33 հազարով ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Այս տարի նախատեսում են ավելացնել ևս 20 տոկոսով։
Առաջիկայում վերագործարկվելու է մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն Երևանի կենդանաբանական այգի: