ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ են հղել կանանց միջազգային տոնի առթիվ և մաղթել նրանց երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ։
«Մեր կառավարության համար առաջնահերթություն է պետական կառավարման, իրավապահ, անվտանգային, տնտեսական, քաղաքական, գիտական և այլ ասպարեզներում կանանց առավելագույն ներգրավման համար հնարավորություններ ստեղծելը։ Ակնհայտ է, որ առանց այդ պոտենցիալի լիարժեք կիրառման, մեր երկրի զարգացման հնարավորություններն էականորեն կկրճատվեն»,– ասված է վարչապետի ուղերձում:
Փաշինյանը նաև հպարտությամբ արձանագրել է, որ ՀՀ–ում բազմաթիվ կանայք ներգրավված են տնտեսական գործունեության մեջ, իրավապահ համակարգում, ծառայում են ոստիկանությունում և բանակում։ Վստահ է` եթե այդ ոլորտներում կանանց թիվը մեծանա` դա կբխի երկրի շահերից:
«Բայց այս ամենով հանդերձ մեր երկրի ժողովրդագրական խնդիրները կխորանան, եթե կանայք ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալու հակված չլինեն: Նաև սա է պատճառը, որ որդեգրել ենք 500 մանկապարտեզի ծրագիրը, որը միայն առաջին 500-ն է և բազմաթիվ կանանց հնարավորություն կտա խուսափել «աշխատե՞լ, թե՞ երեխա ունենալ» ընտրությունից»,– նշվում է ուղերձում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատեն հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու իրենց կամքը։
«Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի»,–ասված է ուղերձում։
Նա մաղթել է կանանց անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ։